
Համայնքներում հնգամյա զարգացման ծրագրերի կիրառումը կարող է բերել համայնքների արդյունավետ կառավարման։ «Ալավերդի, Մարտունի, Նոյեմբերյան խոշորացված համայնքների 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագրի կատարողականի մոնիտորինգի» զեկույցի արդյունքները ներկայացրեց «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն, «Ժողովրդավարության երիտասարդ ջատագովները» ծրագրի շրջանակներում։ Ալավերդու 2018-2022թթ. հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված է եղել իրականացնել 21 ծրագիր՝ Ալավերդի համայնքի հեղեղատարների մաքրման եւ վերանորոգման աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, ներկապատում, ոռոգման ջրագծերի վերանորոգում, շուկայի կառուցում, խաղահրապարակների կառուցում, մայթերի վերանորոգում, աղբարկղերի ձեռքբերում, տեղադրում և այլն։ Վերհանված խնդիրներից էր այն, որ հանրային մասնակցությունը ցածր է լինում համայնքի հնգամյա զարգացման ծրագրերի հանրային լսումների ժամանակ։ Արդյունքները ցույց տվեցին, որ համայնքի բյուջեի ծախսը նախատեսվածից ավելի շատ է եղել։ Ծրագրի նպատակը երիտասարդների՝ տեղական ինքնակառավարման գործընթացներում ներգրավվելու կարողությունների զարգացումն է և նրանք էլ հարցումներ են ուղղել համայնքապետարանին։ Մասնավորապես չեն պահպանվել հարցումների պատասխանման ժամկետներին ներկայացվող պահանջները: Օրենքը նախատեսում է, որ գրավոր հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկատվություն տնօրինողը պետք է դիմողին գրավոր պատասխան տրամադրի։ Հարցվող տեղեկատվության ծավալուն լինելու դեպքում, կրկին 5-օրյա ժամկետում, տեղեկատվություն տնօրինողը դիմողին պետք է պատասխանի՝ խնդրելով պատասխանի տրամադրման համար օրենքով սահմանված 30-օրյա ժամկետը: Նմանատիպ հետազոտությունները հնարավորություն կտան համայնքներին հետագա հնգամյա զարգացման ծրագրերը մշակելիս հաշվի առնել ռիսկերը, իրականացման ընթացքում թույլ տված բացթողումներն ու գրանցված ձեռքբերումները։

